Անկարան դեռևս չի կատարել Սիրիայի հարցով պայմանավորվածության դրույթները, որոնք ձեռք էին բերվել Սոչիում ավելի քան մեկ տարի առաջ: Այս մասին կիրակի «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Տվյալ դեպքում կարելի է միանշանակ խոսել այն մասին, որ դեռևս չեն կատարվել Սոչիի պայմանավորվածությունները, որոնք ավելի քան մեկ տարի առաջ ստորագրվել են երկու նախագահների կողմից, և որոնցում ասվում է, որ հենց Թուրքիան պետք է ապահովի ծանր զինամթերքի դուրսբերումը, սահմանազատումը և այլն»,-ասել է նա:
«Ռազմական տեխնիկայի շատ վտանգավոր նմուշներ են հայտնվում նրանց (Իդլիբում գտնվող ահաբեկիչների) ձեռքում: Եվ այդ ամենը, ցավոք, չի նպաստում իրավիճակի կարգավորմանը»,-նշել է Պեսկովը: