Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղարդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի արդյունքներով որոշվել է.
1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
4. Որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- գրել է վարչապետը: