Հայաստանի իշխանությունները սկսել են խմբագրել Ղարաբաղյան կարգավորման հարցում նախկինում հնչեցրած խնդրահարույց որոշ թեզեր: Փետրվարի 24-ին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հստակեցրեց մեր դիրքորոշումը՝ կապված անվտանգության խնդրի հետ: «Մեզ համար ամենասուր հարցերը եղել և մնում է Արցախի մեր հայրենակիցների իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է կարգավիճակի խնդիրը», - նշել է նախարարը:
Իշխանությունները տևական ժամանակ հիմնականում շեշտում էին անվտանգության խնդիրը, իսկ ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի մասին որպես կանոն չէր խոսվում: Արդյունքում տպավորություն էր ստեղծում, որ այդ հարցերն առնվազն հետին պլան էին մղվել հայկական կողմերի օրակարգում:
Շատ կարևոր է, որ այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես ձևակերպվի շատ հստակ, քանի որ կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի վրա շեշտադրումների բացակայության պայմաններում ստացվում է, որ հակամարտության առարկան Արցախի ժողովրդի անվտանգությունն է, և հակամարտության կարգավորան համար միջազգային հանրության և Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքները բավական են:
Մյուս թեզը, որը մեզ համար մարտահրավերներ է առաջացնում, Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի և Արցախի դիրքորոշումների հարյուր տոկոսով՝ անգամ դետալներում, նույնական լինելն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այս մասին՝ փորձելով ցույց տալ, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասություններ չկան: Սակայն կարգավորման գործընթացի տեսանկյունից այս թեզը նվազեցնում է բանակցային գործընթացում հայկական կողմերի մանևրելու հնարավորությունը, և որ ամենակարևորն է՝ անհասկանալի և անհիմն է դարձնում Արցախը, որպես հակամարտության լիարժեք կողմ, բանակցային սեղան վերադարձնելու մեր պահանջը:
Փետրվարի 22-ին Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանի կողմից արձանագրումը, որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումների նույնական լինելը չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, այս առումով շատ կարևոր է:
Կարևոր էր նաև վարչապետի կողմից արձանագրումը, որ Արցախը և Ադրբեջանը երբեք չեն կարող լինել քաղաքական նույն տարածքում:
Սեփական խնդրահարույց հայտարարությունները խմբագրելու իշխանությունների այս միտումը ողջունելի է: Այդ հարցում հետևողականություն ցուցաբերելու դեպքում հնարավոր է հաղթահարել դրանց առաջացրած մարտահրավերները:
Մյուս կողմից այս իրավիճակը հույս է առաջացնում, որ այսուհետ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում իշխանություններն իրենց հայտարարություններում կլինեն ավելի ուշադիր և հավասարակշռված, իսկ ռիսկերը կհաշվարկվեն նախապես: