Ավարտվեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի երկօրյա այցը Հնդկաստան:
Հանդիսանալով ԱՄՆ չորրորդ նախագահն, ով Հնդկաստան է այցելել, Դոնալդ Թրամփն արժանացավ բարձր ընդունելության:
Չնայած հնդիկ պաշտոնյաների ջերմ վերաբերմունքին, Թրամփի այցն ուղեկցվեց նաև Հնդաստանի որոշ քաղաքաներում բողոքի ցույցերով՝ հիմնականում ԱՄՆ-Հնդկաստան քննարկվող առևտրային համագործակցության պատճառով, որը ցուցարարները վնասակար են համարում հնդկական բիզնեսի համար: Այս մասին, հաջորդիվ:
Անդրադառնալով Թրամփի այցի արդունքներին՝ նշենք, որ այս պահին արձանագրվել է համագործակցություն ռազմական ոլորտում: Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի և Թրամփի՝ Դելիում կայացած բանակցություններից հետ, իր ամփոփիչ ելույթում Թրամփը նշեց, որ Հնդկաստանն ԱՄՆ-ից 3 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա ձեռք կբերի:
Սակայն սա միակ արդյունքը չէ, որ կարելի է ֆիքսել: Թրամփը խոսեց նաև երկու երկրների միջև շարունակվող բանակցությունների մասին համապարփակ առևտրային համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ՝ հույս հայտնելով կնքել համաձայնագիրը «եթե ոչ մինչ նախագահական ընտրությունները, ապա դրանից հետո»:
Ընդ որում, Թրամփը նշել է, որ «մեծ գործարքը» նա հետաձգում է: Ինչի՞ մասին է խոսքը:
Բանն այն է, որ Միացյալ Նահանգների հետ առևտրային հարաբերություններում Հնդկաստանը հայտնի է որպես մաքսավճարներ շատ սահմանող երկիր: Բանակցություններն, այսպիսով ընթանում են հենց այդ մաքսատուրքերի նվազեցման ուղղությամբ, ինչն էլ դժգոհություններ է առաջացրել Հնդկաստանում. հնարավոր համաձայնագրին դեմ հանդես եկողները պնդում են, որ դա կվնասի հնդկական բիզնեսին:
Պատահական չէ, որ Թրամփը ևս անդրադարձավ այս խնդրին՝ Հնդկաստանն անվանելով «մաքսավճարների թագուհի»: Ուստի չի բացառվում, որ նախնական համաձայնությունը կարող է վերաբերել ամերիկյան ապրանքների համար մաքսավճարների նվազեցմանը: Իսկ Թրամփի կողմից նշված «հետոյին թողնված» մեծ գործարքն այլ ոլորտներում առևտրային համաձայնագրի ձեռքբերումն է:
Որպես ամփոփում նշենք, որ Միացյալ Նահանգների համար բավական մեծ հետաքրքրություն են ներկայացնում դեղագործությունը և նավթի շուկաների համագործակցությունը:
Հաշվի առնելով հնդկական կողմից ցուցաբերված ջերմ ընդունելության փաստը՝ չի բացառվում, որ ամերիկա-հնդկական տնտեսական հարաբերությունները շուտով կմտնեն ակտիվ զարգացման փուլ: