Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդը երեքշաբթի քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին ասվում է քաղաքի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ օրս Սան Ֆրանցիսկոյում վարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Նշված միջոցը ձեռնարկվել է այդպիսի հնարավորության նախապատրաստվելու համար: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ «աշխարհում իրավիճակն արագորեն փոխվում է»: «Հաշվի առնելով ուղևորների ինտենսիվ հոսքը Սան Ֆրանցիսկոյի և մայրցամաքային Չինաստանի միջև` հնարավոր է, որ ժամանակի ընթացքում մեկ կամ մի քանի դեպք գրանցվի»,- նշվում է հայտարարության մեջ:
Արտակարգ դրության ռեժիմը կգործի Սան Ֆրանցիսկոյում մեկ շաբաթ: Այն երկարաձգելու մասին որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը: