«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ կայուն։ Դրանք երկար տարիներ, նույնիսկ դարեր շարունակ առանձնահատուկ են եղել», - ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, հաղորդում է Panorama.am-ը։
Նկատենք, որ դեսպանը մասնակցում էր «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանին։
Նրա խոսքով, դրան երկու եղբայրական երկրների ու նրանց ժողովուրդների հարաբերություններ են, որոնց շատ բան է միավորում՝ և մշակույթը, և պատմությունը, և հոգեբանությունը, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի ու դրանց ժողովուրդների անվտանգությունն ու զարգացումը։
«Կարող եմ ուղղակիորեն հայտարարել, որ այդ հարաբերությունների շարունակականությունը պահպանվում է ողջ ծավալով։ Դա արտացոլվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, ինչպես նաև մեր տնտեսական համագործակցության ինտենսիվ զարգացմամբ, անվտանգության ոլորտում և ինտեգրացիոն միություններում համագործակցությամբ»,-շեշտել է դեսպանը՝ վստահություն հայտնելով, որ դա կշարունակվի, քանի որ այն բխում է երկու երկրների ժողովուրդների շահերին:
Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի էսկալացիայի, ինչպես նաև ադրբեջանական կողմից հնչող կրակոցների մասին հարցին, դեսպանն ասել է.
«ՀԱՊԿ-ը շատ կարևոր դեր է խաղում և երաշխավորում, որ իրավիճակը չզարգանա բացասական սցենարով, և էսկալացիա տեղի չունենա»։
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը կարևոր ու ծանրակշիռ անվտանգության բարձիկ է։
«ՀԱՊԿ շրջանակում առկա են նաև հայ-ռուսական երկկողմ գործակցություն անվտանգության ոլորտում։ Կարծում եմ՝ այդ գործոնները բացականին ծանրակշիռ են՝ ապահովելու կայունություն ու խաղաղություն»,-նշել է դեսպանը։