Ելույթ ունենալով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց. «Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի, խոսում էր հիմնականում Արցախի անվտանգության մասին՝ մոռանալով հիշատակել ինքնորոշման և կարգավիճակի հարցի մասին, այս հայտարարությունը կարելի է ուրախալի փաստ համարել: Դրանով, փաստացի, Հայաստանի իշխանությունը կրկին կարգավորման գործընթացում ամրագրում է մեզ համար կարևորագույն՝ կարգավիճակի հարցը:
Սակայն ընտրված ձևակերպումը կրկին մտահոգիչ է: Առաջին անգամ չէ, որ Զոհրաբ Մնացականյանը հենց այս, ՄԱԿ բանաձևերից վերցված ձևակերպմամբ է անդրադառնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Սակայն այս ձևակերպումը կարող է ենթադրել կամ մեկնաբանվել, որպես Արցախի ցանկացած կարգավիճակ՝ ոչ միայն անկախություն: Ուստի, ինչո՞վ է բացատրվում նման ձևակերպում օգտագործելու նպատակահարմարությունը:
Գուցե սա ոչ վերջնագրային ձևակերպում է՝ հաճո միջազգային հանրության ականջին, սակայն լիարժեք չի արտացոլում Հայաստանի և Արցախի շահերն ու ժողովրդի նկրտումները: Առավել ևս Ադրբեջանի վերջնագրային հայտարարությունների ֆոնին, որ «Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս»:
Առկա ֆոնի ներքո շատ ավելի տեղին կլիներ պնդեր այն թեզը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որի մասին Հայաստանի իշխանությունները պնդել են անցյալում, և որին Հանրային Հեռուստատեսության եթերում առաջին անգամ հանգեց նաև վարչապետ Փաշինյանը: