ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»թերթում հրապարակված սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնում է PanArmenian.net-ը:
Տողանյանը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին ասել է, որ հերքում չի պահանջելու պարբերականից, այլ արդեն իսկ դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ պահանջելով ստուգում սկսել ազգային թշնամանքի, այլատյացության և կրոնոկան անհանդուրժողականության բորբոքման փաստով:
«Այն, ինչ տպագրվել է «Նեզավիսիմայա գազետայում», մենք համարում ենք պիղծ, անընդունելի և քրեորեն պատժելի»,- ասել է ՀՀ դեսպանը՝ հավելելով, որ դիմել է նաև Ռոսկոմնադզոր:
«Այնուամենայնիվ, ԶԼՄ-ն ինչ-որ առումով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար: Պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը զրպարտության, միմյանց հանդեպ ատելություն բորբոքելու մասին է: Ուստի, ես դիմել եմ դատախազություն, ոչ միայն ես, այլև հայկական հասարակական կազմակերպությունները: Դիմել ենք նաև Ռոսկոմնադզոր՝ պարզելու, արդյոք չի խախտվել ԶԼՄ-ների մասին օրենքը, ԶԼՄ-ի արտոնագրման պայմանները»,- նշել է նա:
Լև Ասկերովի հեղինակած հոդվածում ասվում է, թե 1988-ի իրադարձությունները հրահրել են Բաքվի և Ստեփանակերտի եկեղեցականները, որոնք նախապատրաստում էին հայ քարոզիչ գրոհայիններին: