ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ իր առաջին այցը կատարեց Հնդկաստան: Նա այնտեղ անցկացրեց գրեթե երկու օր, ինչը վերածվեց իրական տոնակատարության: Նրան ուղղված ողջույնները սկսվեցին դեռևս օդանավակայանի ճանապարահին, որի երկու կողմերում տեղադրվել էին գովազդային վահանակներ՝ երկու առաջնորդների լուսանկարներով և կարգախոսներով ՝ «Երկու ուժեղ անհատականություն, մեկ պատմական պահ» վերատառությամբ: Ավելին, Թրամփի ելույթը լսելու համար Գուջարաթ նահանգի խոշորագույն քաղաք հանդիսացող Ահմեդաբադի «Մոթեր» մարզադաշտ էր ժամանել ավելի քան 100 հազար մարդ:
Ընդհանուր առմամբ, գրեթե երկու օր տևած այցի ընթացքում ԱՄՆ-ն և Հնդկաստանը պաշտպանության ոլորտում ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագրեր են կնքել: Հնդկաստանի վարչապետի խոսքով՝ ինքն ու Թրամփը կարծիքների արդյունավետ փոխանակություն են ունեցել նաև էներգետիկ և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի շուրջ: Սակայն կողմերին չի հաջողվել հասնել ամենակարևորին՝ երկկողմ առևտրային համաձայնագրի կնքմանը, ինչը Թրամփը Հնդկաստան կատարելիք այցից առաջ անվանել էր «հիմնական» քննարկվելիք հարցը:
Չնայած նրան, որ որպես Թրամփի այցի նպատակ նշվում է աշխարհի երկու խոշորագույն ժողովրդավարությունների միջև կապերի ընդլայնումը, այցն իր մեջ պարունակում էր ավելի շատ նախընտրական քարոզարշավի տարրեր:
Մարզադաշտում տեղի ունեցած Դոնալդ Թրամփի ելույթը կարելի է ասոցացնել իշխող հնդկական կուսակցության քարոզարշավի հետ: Հնդիկ ժողովրդին ուղղված իր ելութի մեծ մասը Թրամփը նվիրեց Հնդկաստանին, երկրի պատմությանը և հնդիկ քաղաքական գործիչների՝ մասնավորապես Հնդկաստանի վարչապետի հաջողություններին: «Ես հպարտ եմ, որ կարող եմ վարչապետ Մոդիին անվանել իմ իսկական ընկերը: Բոլորը պաշտում են նրան, և ես ձեզ կասեմ, որ նա ուժեղ և համառ մարդ է: Ներկայումս նա ամենահաջողակ ղեկավարն է Հնդկաստանի», - իր խոսքում նշեց Թրամփը: Այնուհետև ԱՄՆ նախագահն անդրադարձ կատարեց նաև իր սեփական հաջողություններին, ինչն արդեն ուղղված էր սեփական հանրությանը:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս այցը հիմնականում երկու նպատակ էր հետապնդում: Առաջինը՝ Թրամփը նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններից առաջ փորձեց ամերիկյան հանրությանը ցույց տալ, թե ինչ ժողովրդականություն է վայելում անգամ երկրի սահմաններից դուրս՝ դրանով նպատակ հետապնդելով որոշակի դիվիդենտներ քաղել և ավելի շատ քանակությամբ ընտրողների (այդ թվում ԱՄՆ-ում ապրող հնդիկների) իր կողմը գրավել: Հարկ է նկատել, որ աշխարհի ամենամեծ կրիկետային «Մոթեր» մարզադաշտում «Namaste Trump» միջոցառման տեսանյութերն արդեն իսկ սկսել են օգտագործվել նրա նախընտրական քարոզարշավի համար:
Երկրորդը, Հնդկաստանի վարչապետի համար Թրամփի այցը կարևոր էր հանրության ուշադրությունը որոշ հարցերից շեղելու և իր սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Մասնավորապես, Մոդիի վարկանիշը վերջին շրջանում բավականին մեծ անկում է գրանցել: Դա հիմնականում կապված է Քաշմիրի հատուկ ինքնավարության չեղարկման և քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ շարունակվող բողոքի ցույցերի հետ, որի պատճառով վերջին շրջանում Դելիում առնվազն 13 մարդ է մահացել: