Բրիտանական BBC-ի լրագրող Իսմայիլ Էյնաշեն «Նամակ Աֆրիկայից» բաժնում հոդված է հրապարակել Եթովպիայի հայ համայնքի պատմության մասին:
Նա նշում է, որ 19-րդ դարում հայերը կարևոր դերակատարում են ունեցել Եթովպիայի կայսր Մենելիք II-ի պալատում, իսկ 20-րդ դարասկզբին հայ համայնքը տնտեսական և մշակութային ազդեցություն է ունեցել երկրի զարգացման վրա, փոխանցում է news.am-ը:
Չնայած սակավաթիվ լինելուն, նրանք վճռորոշ դեր են խաղացել արդի աշխարհում Եթովպիայի առաջընթացի համար՝ սկսած եթովպիական ջազից և ավարտած այնպիսի ոլորտներով, ինչպիսին են բժշկությունը, բիզնեսը, կայսերական պալատում ծառայությունը:
Սակայն 1974 թվականին մարքսիստական Դյորդ խունտան Հայլե Սելասիեին տապալեց: Խունտան շարունակել է զավթել բիզնեսն ու գույքը, այդ թվում՝ հայերի: Նրանցից շատերը փախել են Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա: Ոմանք միաձուլվել են տեղացիներին՝ ստեղծելով հայկական և եթովպիական մշակույթների ինքնատիպ համադրություն:
Կրոնական տոների օրերին տեղացի հայերին կարելի է տեսնել եկեղեցում: Այստեղ կա նաև հայկական ակումբ, որտեղ ռեստորան է գործում:
Հեղինակը պատմում է, որ ընկերոջ հետ այցելել է ռեստորան: Այնտեղ հանդիպել է հայկական արմատներով երեք կնոջ: «Այդ երեկո ես համտեսեցի սքանչելի ու շքեղ բյորեկ և լուլա քաբաբ, և զգացի, որ համտեսում եմ Եթովպիայում հայերի պատմությունը»,- գրում է նա: