Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման քննարկված հարցին։
«Երեկ, մարտի 2-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելեցին Անկարա, որտեղ հանդիպում ունեցան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ի պատասխան Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ ևս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի և Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում:
Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ապահովելը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Իմ առաքելությունը տեսնում եմ այս խնդիրների լուծման գործում»,- գրել է Բալասանյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: