ԱՄՆ-ը, որն Իրանին օգնություն Է առաջարկել կորոնավիրուսի կապակցությամբ, միայն «կարեկցանքի դիմակ» Է հագել. եթե Վաշինգտոնը իրապես ցանկանում Է օգնել, թող հանի պատժամիջոցները: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել Է Իրանի նախագահ հասան Ռոհանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է Իրանին օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց Թեհրանը պետք Է դիմի նման խնդրանքով:
«Նրանք, կարեկցանքի դիմակ հագնելով, հայտարարել են, թե իբր, ցանկանում են օգնել Իրանի ժողովրդին: Եթե դուք իրոք ճիշտ եք ասում, հանեք պատժամիջոցները, գոնե դեղամիջոցների նկատմամբ: Դա առաջին քայլն Է: Ասացեք, որ մինչ այժմ սխալներ եք գործել Իրանի նկատմամբ եւ ներողություն եք խնդրում»,-ասել Է Ռոհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Նա նաեւ նշել Է, որ Իրանը կջանա կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը հաղթահարել ամենակարճ ժամկետում եւ նվազագույն կորուստներով: Նրա խոսքով՝ կորոնավիրուսն ընդգրկել Է երկրի գրեթե բոլոր նահանգները: Փետրվարի 19-ից Իրանում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդանալու ավելի քան 2,3 հազար դեպք, 77 մարդ մահացել Է, 435-ը՝ ապաքինվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: