ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց աշխատանքային պլանն ունեն, որը հանդիպումներ է ներառում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ՄԱԿ-ից մինչև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի: Այս մասին մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման մասին հարցին, փոխանցում է News.am-ը:
Ըստ նրա, այդ հանդիպումները նորություն չեն: «Դրանցում գերբնական ոչինչ չկա: Դրանք պլանային հանդիպումներ են, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացնում են իրենց լիազորությունները»,- ասել է Մնացականյանը:
Ընդ որում, արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը վստահում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և քաջատեղյակ է նրանց մոտեցումներին և ծրագրերին:
Մնացականյանը համանախագահների հետ աշխատանքը «նորմալ և բնական» որակեց` հիշեցնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամը չէ, որ նման այցեր են իրականացնում՝ հավելելով, որ հայկական կողմը ոչ մի մտավախություն չունի: Նա նաև նշեց, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարություններում հայկական կողմի համար ոչ մի նոր բան չկար:
«Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ անբարեխիղճ քաղաքականության պայմաններում, որն արտահայտվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանի միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող որևէ դեր խաղալ խաղաղ գործընթացում»,- շեշտել է Մնացականյանը` հավելելով, որ հայկական կողմը կշարունակի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ: