ԵՄ անդամ պետությունները վճռական են «արդյունավետորեն պաշտպանելու Եվրամիության արտաքին սահմանները այն տեղեկությունների համապատկերին, որ առաջիկա շաբաթներին 4 մլն սիրիացի փախստականներ կարող են հայտնվել Հունաստանին սահմանակից Թուրքիայի շրջաններում: Այս մասին նշված է ԵՄ 27 երկրների և Շենգենյան գոտու մեջ մտնող պետությունների ՆԳ նախարարների Բրյուսելում կայացած արտահերթ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:
Հանդիպման մասնակիցները վճռականորեն «մերժում են Թուրքիայի կողմից քաղաքական նպատակներով միգրացիոն ճնշման օգտագործումը», շեշտվում է հայտարարության մեջ:
Բրյուսելում ակնկալում են, որ Թուրքիան ամբողջությամբ կկատարի 2016 թվականի մարտին Անկարայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրի դրույթները՝ ուղղված միգրացիոն ճգնաժամի կարգավորմանը: Ըստ դրա կետերի՝ Թուրքիայի իշխանությունները պարտավորվել էին հետ ընդունել բոլոր անձանց, որոնց թուրքական ափից անօրինականորեն ուղարկում են Հունաստանի տարածք: Այս կանոնը տարածվում էր ինչպես ռազմական հակամարտության գոտուց փախչողների, այնպես էլ տնտեսական միգրանտների վրա, որոնք փորձում են Եվրոպայում հայտնվել կյանքի պայմանները բարելավելու համար:
ԵՄ-ում ընդգծել են, որ «շարունակելու են ակտիվորեն պայքարել մարդկանց մաքսանենգության դեմ»: Արտահերթ հանդիպման մասնակիցները նաև ողջունել են Եվրահանձնաժողովի կողմից Հունաստանին 350 մլն եվրոյի հատկացումը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար և առաջարկը՝ ավելի ուշ Աթենքին սահմանների համալիր պաշտպանության համար լրացուցիչ 350 մլն եվրո տրամադրելու մասին: