2019 թվականի մայիսի 16-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որով դադարեց գոյություն ունենալ Սփյուռքի նախարարությունը և ստեղծվեց վարչապետի աշխատակազմին կից Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: 2019-ի հունիսի 14-ից հանձնակատարի պաշտոնը վստահվեց Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
Նշանակման առաջին իսկ օրից Զարեհ Սինանյանն սկսեց խոսել հայրենադարձության մասին: «Հայրենադարձության հրաշքը մենք պետք է առաջ բերենք», - պնդում էր նորանշանակ հանձնակատարը: Թեմայի մասին բավական հաճախ էր խոսում նաև վարչապետ Փաշինյանը՝ այն ներկայացնելով՝ որպես սփյուռքի հետ աշխատանքներում մեր կարևոր առաջնահերթություն: Նույն թվականի օգոստոսին ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետը ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքներում մեր մեկ այլ կարևոր սկզբունք՝ համահայկականությունը՝ կոչ անելով դեսպաններին ազատվել փոքր պետության ներկայացուցչի բարդույթներից: «Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի, կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ», - նշեց վարչապետը:
Առաջին հայացքից համահայկականության սկզբունքը, որի մասին արդեն առիթ ունեցել ենք խոսելու, չի հակասում հայրենադարձության ծրագրերին, եթե, իհարկե, նման ծրագրեր կան: Դեռ 2019-ի հունիսին նորանշանակ հանձնակատարը հայտարարել էր, որ կես տարվա ընթացքում կունենան հայրենադարձության կազմակերպման և սփյուռքի հետ աշխատանքների նոր ռազմավարությունը՝ մեղադրելով, այդ թվում, նախկին իշխանություններին՝ նման ռազմավարություն չունենալու մեջ:
Ռազմավարություն, ինչպես տեսնում ենք, այսօր չունենք: Իսկ հայրենադարձության կազմակերպման բարդ ու պատասխանատու գործից խուսափելու հետևողական քայլերն ակնհայտ են: Օրերս Վրաստան կատարած իր այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձավ թեմային՝ խոստովանելով, որ խնդիրը բարդ է, ունի բազմաթիվ բացեր, և որ չեն կարող հայրենիք վերադարձողներին արտոնյալ պայմաններով ապահովել. «Իսկ ի՞նչ կմտածեն Հայաստանում ապրող մեր հայրենակիցները», - նշեց Փաշինյանը:
Վարչապետը, թերևս, իրավացի է. հայրենադարձության կազմակերպումը դյուրին խնդիր չէ, ճիշտ նույն կերպ, ինչպես դյուրին չէ տնտեսական հեղափոխություն ապահովելը, կոռուպցիան արմատախիլ անելը, ի վերջո՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելը: Եվ, գուցե ազնիվ կլիներ ծանոթանալ խնդիրներին և նոր միայն ձևակերպել մեր նպատակներն ու առաջնահերթությունները, բայց իշխանությունները շարժվում են այլ՝ իրենք իրենց խմբագրելու քաղաքականությամբ:
Նույն տրամաբանությամբ այսօր խմբագրվում են սփյուռքի հետ աշխատանքներում հեղափոխական իշխանությունների սահմանած առաջնահերթությունները՝ երևան բերելով նոր, մեկը մեկից վտանգավոր ու չհաշվարկված թեզեր ու գաղափարներ: