ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ օրերս կայացած հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Հայաստանում որոշակի մտահոգություններ առաջացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարման մեծացման առնչությամբ:
Արտաքին գործերի նախարարությունը, սակայն, որևէ գերբնական բան այստեղ չի տեսնում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց աշխատանքային պլանն ունեն, որը հանդիպումներ է ներառում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», - Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամը չէ, որ նման այցեր են իրականացնում:
ԱԳ նախարարի այս հիմնավորումները որևէ կերպ համոզիչ չեն հնչում մի շարք պատճառներով: Թեև նախկինում Մինսկի խմբի համանախագահների այցեր Անկարա եղել են, սակայն դրանք պարբերական բնույթ չեն կրել, ավելի որպես կանոն եղել են տարածաշրջանային հստակ զարգացումների ժամանակ, երբ Թուրքիան հնարավորություն է տեսել գործընթացի վրա որևէ կերպ ազդելու:
Հանդիպումը հնարավոր չէ որպես շարքային դիտել նաև այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը խմբի անդամ երկրների հետ առնվազն չպետք է սահմանափակվի Թուրքիայով՝ եթե, իհարկե, նման հանդիպում անցկացնելը Անկարային առաձնին նախաձեռնությունը չէ:
Սակայն այդ դեպքում ևս հարցեր են առաջանում: Ոչ մեկի՝ այդ թվում համանախագահների համար գաղտնիք չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը և Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցությունը: Ինչո՞ւ չեն արվել քայլեր, օրինակ բացառելու Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից հանդիպման արդյունքներով ադրբեջանամետ հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ հանդիպման փաստը միայն բավականին զգայուն է հայկական կողմերի համար:
Նշենք, որ համոզիչ չեն հնչում նաև պաշտանական Երևանի հայտարարություններն այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ցանկացած դերակատարում բացառվում է: Նախ, Թուրքիան շարունակում է հանդիսանալ Մինսկի խմբի անդամ: Եվ երկրորդ, Թուրքիան տարածաշրջանային հիմնական խաղացողներից է, որն ակնհայտ հետաքրքվածություն ունի Ղարաբաղյան հակամարտության հարցում և ազդեցություն հակամարտության կողմերից մեկի՝ Ադրբեջանի վրա: Սա Թուրքիային հնարավորություն է տալիս առնվազն ոչ ֆորմալ ազդեցություն ունենալ կարգարվորման գործընթացի վրա:
Ուստի, Ղարաբաղյան կարգավորման համատեքստում Թուրքիայի նման գործողությունները և հայտարարությունները պաշտոնական Երևանի մոտ, ճիշտ է, չպետք է խուճապ առաջացնեն, սակայն պետք է դրդեն հստակ գործողությունների, որոնք տեսանելի չեն առնվազն հանրային մակարդակում: Մասնավորապես, Երևանը պետք է աշխատի Ղարաբաղյան հակամարտության հարցով Թուրքիայի հետ համանախագահների առանձին հանդիպումները բացառելու ուղղությամբ: