Օրերս հայտնի դարձավ, որ «Գազպրոմ» ընկերությունը Բուլղարիայի հետ կնքված նոր պայմանագրի համաձայն, իջեցնում է ռուսական գազի գինն այդ երկրի համար շուրջ 40 տոկոսով: Բուլղարիային վաճառվող ռուսական գազի գնագոյացման վրա միաժամանակ ազդում են մի քանի գործոններ:
Առաջին ամենատեսանելին, թերևս, Եվրահանձնաժողովի անմիջական մասնակցությունն ու ճնշումներն են ռուս-բուլղարական գազային բանակցությունների ընթացքին: Բանն այն է, որ ռուսական «Գազպրոմը» Եվրահանձնաժողովի նկատմամբ ունի պարտավորությունների մրցակցային կանոններին հետևելու մասին, ու եվրոպական այդ կառույցը վերջին շրջանում հաճախ է ռուսական ընկերությանը մեղադրել ԵՄ որոշ անդամների նկատմամբ գազի անարդար գին սահմանելու մեջ:
Երկրորդ գործոնը, որ հավանաբար ավելի մեծ ազդեցություն ունի ռուսական զիջողականության վրա, Բուլղարիայի կողմից արդեն այս տարվա վերջին գազի այլընտրանքային աղբյուրների հավանական ներգրավումն է: Մասնավորապես, Բուլղարիան կարող է գազ ներկրել Ադրբեջանից TAP-ի միջոցով, ինչպես նաև մուտք ունենալ հեղուկ բնական գազի շուկա Հունաստանի միջոցով: Բուլղարիան դիտարկում է նաև Կատարից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից գազի մատակարարման հնարավորությունը:
«Գազպրոմի» կողմից գնային քաղաքականության վերանայումը կարելի է դիտարկել նաև միջազգային տենդենցների ֆոնին, այդ թվում՝ նավթամթերքի շուկայում գների շարունակական անկման: Սրանով պայմանավորված գազի գների անկումը պետք է դիտարկել շղթայական էֆեկտի ներքո: Այս տրամաբանությամբ է նաև Մոլդովայի համար ռուսական գազի էժանացումը:
Պետք է նշել, որ այս դեպքում իրավիճակը մի փոքր այլ է: Առաջինը Մոլդովայի՝ գազի ներկրման տարատեսակ աղբյուրների առկայությունն է, այդ թվում՝ Եվրոպայից հետադարձ ուղիներով: «Գազպրոմի» համար Մոլդովայի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքումը մատչելի պայմաններով, բնական գազի սպառման երկարաժամկետ, ամբողջական շուկայի ձեռքբերում է: Մոլդովայի տեսանկյունից՝ գների կայունացում, քանի որ եթե պայմանագրով (գների տարեկան թարմացումով) մեկ ամբողջ տարվա համար Մոլդովան ունի կայուն գին (173-180 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց), ապա, օրինակ եվրոպական բորսաներից գազ ձեռք բերելու պարագայում գազի գինը տարվա մեջ չորս անգամ, կունենա տատանում: Ճիշտ է ամռան ամիսներին եվրոպական գազի գինը շատ ավելի էժան է, քան ռուսականինը, սակայն ավելի թանկ է ձմռան սեզոնի: Իսկ Մոլդովան գազի պահանջարկի աճ ունենում է հենց ձմռան ամիսներին:
Անկախ գործոնների բազմազանությունից, այսօր համաշխարհային շուկայում ռուսական գազի գնի էժանացման միտում է նկատվում: Սա, անշուշտ, ՌԴ համար գնային մեղմ քաղաքականության կոմպենսացիայի խնդիր է առաջացնում: Իսկ որ ցանկացած հնարավոր ուղղությամբ ՌԴ–ն պատրաստ է դա իրականացնել, կամ առնվազն որևէ կերպ կոմպլեքսավորված չէ, հուշում է գոնե այն փաստը, որ դեռևս 2019-ի վերջին «Գազպրոմը»-ը իր համաքաղաքացիներին զգուշացրել է համաշխարհային գների փոփոխության արդյունքում իրենց համար գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին:
Այս ամենի համատեքստում, իհարկե պետք է հաշվի առնել նաև հայ-ռուսական բանակցությունները: Վերոնշյալ առկա միտումները պարտադիր կերպ չեն հուշում, որ այդ նույն կոմպենսացիայի ներքո մեզ համար սակագների բացասական փոփոխություններն անխուսափելի են: Ի վերջո, տարիներ իր վեր Հայաստանին վաճառվող գազի գինը չի բարձրացել՝ չնայած համաշխարհային շուկայում առկա տենդնենցներից բխող օբյեկտիվ պատճառների առկայության: Եվ դա տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների, դրանց որակական հարթության ներքո:
Այսօր ՀՀ իշխանությունները հայտարարում են հայ-ռուսական աննախադեպ լավ, «փայլուն» հարաբերությունների մասին, ինչպիսիք չեն եղել երբևէ: Եվ սա հուշում է, որ գազի գնի հարցում մենք կարող ենք հանգիստ լինել: Մինչդեռ դրա փոխարեն, ականատեսն ենք բանակցությունների այնպիսի ընթացքի, որտեղ խնդրո առարկան որոշակի ժամկետով գոնե նույն սակագինը պահպանելն է: Բարելավման մասին խոսք չկա: