Ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քայլերի հետևանքով լարվածություն է առաջացել նաև Թուրքիա-ԵՄ հարաբերություններում: Եթե նախկինում վերջինս բավարարվում էր միայն սպառնալիքներ հնչեցնելով առ այն, որ կբացի սահմանները և Թուրքիայում գտնվող միլիոնավոր փախստականներին կուղարկի Եվրոպա, ապա վերջին մի քանի օրվա ընթացքում ականատեսն ենք դառնում այն բանի, որ Թուրքիայի նախագահը խոսքից անցել է գործի: Իդլիբում տեղի ունեցող լարվածության ֆոնին Անկարան հայտարարել է, որ այլևս չի կարողանա զսպել ապօրինի փախստականների հոսքը և բացել է ԵՄ-ի հետ սահմանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ «Արևմուտքը պետք է կիսի փախստականների համար պատասխանատվության բեռը»: Էրդողանի այս որոշումն, ըստ էության, նշանակում է, որ Թուրքիան դադարեցնում է ներգաղթյալների հետընդունման մասին պայմանագիրը, որը ԵՄ-ի հետ կնքվել էր 2016 թվականին: Բացի այդ այս որոշման հետ միաժամանակ Անկարան հայտնել է, որ հրաժարվում է այն գումարից, որը ԵՄ-ն խոստացել էր լրացուցիչ տրամադրել՝ փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու համար: Էրդողանի խոսքով՝ ինքը բավարար չի համարում փախստականներին օգնելու համար Եվրամիության կողմից իր երկրին հատկացվող լրացուցիչ միլիարդ եվրոն: Վերջինս ավելին է ցանկանում…
Սակայն հարկ է նշել, որ եվրոպական ոչ մի երկիր, ինչպես երևում է, չի պատրաստվում փախստականներին ընդունել իր պետության տարածքում: Հազարավոր մարդիկ, այդ թվում ՝ փոքր երեխաներ, մի քանի օր է ինչ գտնվում են Թուրքիայի և Հունաստանի սահմանի մոտակայքում: Զգուշանալով անօրինական ներգաղթյալների ներհոսքից, Հունաստանի իշխանություններն արդեն իսկ հատուկ միջոցներ են սկսել կիրառել վերջիններիս դեմ:
Թուրքիայի կողմից փախստականների խաղաքարտն հենց այս օրերին օգտագործելը չի կարող համարվել պատահականություն, մասնավորապես, երբ այն դիտարկում ենք Սիրիայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Կարելի է ասել, որ այս քայլով Էրդողանը փորձում է մի կողմից շանտաժային քաղաքականությամբ ստանալ ԵՄ-ի աջակցությունը Սիրիայում իր նպատակներն ավարտին հասցնելու համար, մյուս կողմից` փորձում է ամրապնդել իր դիրքերը ողջ Մերձավոր Արևելքում:
Հարկ է նշել, որ Սիրիան ներկայումս Ռուսաստանի և Թուրքիայի համար դարձել է մի տարածաշրջան, որտեղ նրանք պայքարում են իրենց դիրքերն ամրապնդելու համար: Եթե նախկինում թվում էր, թե երկու երկրները համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում միասին համագործակցելու հարցում, ապա Թուրքիայի երկակի քաղաքականության և տարածքային նկրտումների արդյունքում, որն ի դեպ ավելի հեռահար նպատակներ ունի, ներկայումս նրանց հարաբերություններն այնպիսի կետում են գտնվում, որ Մոսկվա–Անկարա բախումը Սիրիայի տարածքում կարծես թե բացառված չէ: Բացի այդ Էրդողանը հետապնդում է սեփական շահերը Սիրիայում, և մասնավորապես, Իդլիբը համարում է իր ազդեցության գոտի:
Հարկ է նշել, որ աշխարհաքաղաքական այս գործընթացներն իրենց անմիջական ազդեցությունը կարող են թողնել նաև Հայաստանի և Արցախի վրա: ՀՀ համապատասխան գերատեսչություններն առավել, քան երբևէ պետք է ավելի մեծ զգոնություն ցուցաբերեն տարածաշրջանում ու Մերձավոր Արևելքում կատարվողի նկատմամբ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն օրեցօր անկանխատեսելի դարձող Թուրքիայի քայլերի դեմ՝ հատկապես Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Ի դեպ, պատահական չէ, որ այս նոր զարգացումների ֆոնին Թուրքիան փորձում է ակտիվություն ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության գործընթացում: