Մարտի 10-ին Անկարայում նախատեսվում են ռուս-թուրքական բանակցություններ սիրիական Իդլիբի վերաբերյալ: Կողմերը քննարկելու են M4 ավտոմայրուղու 70 կիլոմետրանոց հատվածում մարտի 15-ից նախատեսվող համատեղ պարեկության մանրամասները, ինչպես նաև պետք է համաձայնեցնեն, թե ինչ է իրենից ենթադրելու մայրուղու երկայնքով անվտանգության գոտի ասվածը:
Այս մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել մարտի 5-ին Մոսկվայում կայացած Պուտին-Էրդողան բանակցությունների ժամանակ: Դրանց շնորհիվ հնարավոր դարձավ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում իրավիճակը համեմատաբար կայունացել:
Փորձագետների կարծիքով՝ Անկարայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակության այցի ընթացքում սկզբունքային է լինելու М4 մայրուղուց հարավ ընկած շրջանների հարցը: Դրանք ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի և Սիրիայի կառավարության համար: Հարավային շրջաններից ահաբեկիչների հեռանալը կբարձրացնի ռուսական Հմեյմիմ ավիաբազայի անվտանգությունը, որն այժմ Իդլիբից հասանելի է ահաբեկիչների համար: Բացի այդ, Իդլիբի հարավային շրջաններն ունեն նաև տնտեսական նշանակություն: Ալ-Ղաբ բերրի դաշտավայրի համար մարտերը շարունակվում են արդեն մի քանի տարի:
Անկարայում սպասվող բանակցություններին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կրկին սպառնացել է Իդլիբում միակողման ռազմական գործողություններ սկսել, եթե Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարվեն:
Թեև պաշտոնապես Թուրքիան և Ռուսաստանը հայտարարում են, որ մարտի 6-ին Իդլիբում հաստատված հրադադարը պահպանվում է, սակայն մարտերն ամբողջությամբ չեն դադարել: Այսպես, «Հայաթ թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը չի միացել հրադադարին, և շարունակում է զինված հարձակումներն Իդլիբի հարավային շրջաններում և Հալեպից արևմուտք: Սիրիական բանակը ևս շարունակում է ռազմական գործողությունները: Նախօրեին կարճատև մարտերից հետո վերջիններիս հաջողվել է «Հայաթ թահրիր աշ Շամ»-ի ահաբեկիչներից ազատագրել Քաֆր Նաբալ քաղաքի մոտ երկու բնակավայր, որտեղից ահաբեկիչները հրթիռային հարվածների էին հասցնում ռուսական ավիաբազայի և Լաթաքիայի շրջանում բանակային օբյեկտների ուղղությամբ:
Ըստ ամենայնի, Անկարայում սպասվող բանակցությունների արդյունքերը մեծ նշանակություն կունենան Մոսկվայի պայմանավորվածություններից կատարման արդյունավետության և հետևաբար՝ տարածաշրջանային անվտանգության համար: