ԱԳՆ-ն կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին անհապաղ վերադառնալ Հայաստան

10:50     10 մարտի, 2020

Արտաքին գործերի նախարարությունը, Իտալիայում հայտարարված կարանտինի պատճառով կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան:

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ»,- ասված է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն նաև ՀՀ քաղաքացիներին հորդորում է մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին այսօր հրաման է արձակել կանխարգելիչ միջոցառումները տարածել ողջ երկրի վրա՝ սահմանափակելով մարդաշատ միջոցառումներն ու սպորտային խաղերը, փակելով դպրոցները: Մինչ այդ, սահմանափակումները տարածվում էին միայն հյուսիսային շրջանների վրա:


© armedia.am