Մարտի 10-ին հրապարակվեց «Ամերիա» ՓԲ ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների մասին:
Խոսքն ընկերության կողմից իրականացված Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտության մասին է, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները: Աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա: Նախորդ անգամ նման հետազոտություն ընկերությունը ներկայացրել էր 2013թ.-ին:
Նշենք, որ նոր հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8%-ը գերփոքր է, 5.1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը` միջին (դասակարգումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):
Հետազոտությունն, ընդհանուր առմամբ, վեր է հանում վերջին տարիներին ՀՀ ՓՄ ոլորտի տեղի ունեցած հիմնական զարգացումները, առկա խնդիրներն ու գրանցված դրական արդունքները: Որպես այդպիսին հետազոտությունում մատնանշված են 2019-ին 2018թ.-ի համեմատ ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխությունը, էական բարելավումն անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ: Ոլորտում վատթարացում է նկատվել հատկապես առևտրային գործունեության հետ առնչվող ՓՄՁ-ների շրջանում, առավելապես՝ ներմուծմամբ զբաղվողների: Փոխարենը բարելավում է նկատվել արտահանմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, ինչն ըստ «Ամերիաբանկ» ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի, պայմանավորված է արտահանման զարգացմանը միտված պետական քաղաքականությամբ:
Հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարևորագույն խնդիրը` առանձնակի ուշադրություն է դարձվել ՓՄՁ համագործակցությանը բանկերի հետ: Դիտարկված ՓՄՁ-ների 86%-ը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն օգտվել է որևէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա: ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը և փոխանցումները, իսկ բանկ ընտրելիս` ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է, որակը, սակագները, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և այլն:
«Ամերիա» ՓԲ ընկերության կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ (2012թ.) ՓՄՁ-ները կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները (working capital), վերանորոգում և այլն, և համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ` ոչ նյութական ակտիվները, կամ շենք-շինությունները:
Կարևորելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը, «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաև հեռահար ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը` հեռահար բանկինգը, ընդ որում, որքան մեծ է ՓՄՁ-ն, այնքան ավելի է կարևորվում հեռահար բանկինգի առկայությունը:
Հետազոտության ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխան ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանի մասնակցությամբ: Միջոցառման այս հատվածում խոսվեց հետազոտության մեջ մատնանշված այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են ՓՄՁ-ների համընդհանուր սահմանման բացակայությունը, ինչը հատկապես միջազգային ու տեղական զեկույցների մեջ բավական մեծ խզման պատճառ է: Խոսվեց ՓՄՁ-ների՝ ՀՆԱ կառուցվածքում փոքր մասնաբաժին (26 %) ունենալու խնդրի, աշխատանքի արտադրողականության ցածր մակարդակի և զեկույցում տեղ գտած այլ հիմնախնդիրների մասին:
Քննարկմանը ներկա օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները «Ամերիա» ՓԲ ընկերության կողմից իրականացրած հետազոտությունը կարևորեցին՝ որպես ուղղորդիչ և իրազեկող գործիք:
Հավելենք նաև, որ ընկերությունն այս տարի առաջին անգամ Հայաստանը կներկայացնի GEM զեկույցում՝ հիմնվելով իրականացված հետազոտության վրա, սակայն Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտի ցուցանիշների ներկայացումից և համադրումներից զատ, կնախապատրաստի նաև Հայաստանի համար Ազգային զեկույց, որը ենթադրում է առավել հանգամանալից վերլուծություն ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ:
Ազգային զեկույցը ընկերությունը կներկայացնի ապրիլին: