Եվրոպական բանկերը կորոնավիրուսի պատճառով հաջորդ երեք տարիների ընթացքում չեն ստանա ավելի քան 30 միլիարդ եվրո զուտ շահույթը։ Այս մասին, հղում կատարելով ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանների զեկույցին, հայտնում է Bloomberg-ը։
Նրանց կանխատեսումներով՝ ընդհանուր գումարից շահույթի 7 տոկոսով կրճատումը առաջանում է, մասնավորապես, վարկային ռիսկի բարձրացման և բանկերի եկամուտների նվազման պատճառով։ Մարտի 9-ին այդ ցուցանիշը աճել է 11 տոկոսով, երբ կորոնավիրուսի պատճառով ներդրողների մտահոգությունների և նավթի համաշխարհային գների նվազման ֆոնին 5 տոկոսով փլուզվել է համաեվրոպական Stoxx 600 Banks ինդեքսը, հայտնում է РБК-ն։
Բանկերի շահույթը կարող է նաև կրճատվել տոկոսադրույքի հետագա նվազման պատճառով՝ կապված տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը թեթևացնելու եվրոպական կարգավորողների փորձերի հետ։
Goldman Sachs-ի վերլուծաբանները ենթադրում են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ավելի շատ կտուժեն ցածր շահույթ ունեցող վարկատուները Գերմանիայում, Իտալիայում և Հունաստանում, այն դեպքում երբ բանկային ոլորտի առաջնորդները Ֆրանսիայում և Benelux-ի երկրներում (Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Բելգիա) ավելի լավ կհաղթահարեն դրա հետևանքները։
Ընդհանուր առմամբ՝ եվրոպական բանկերը այժմ գտնվում են «ավելի ուժեղ դիրքում, քան երբևէ վերջին 10 տարիներին», կարծում են վերլուծաբանները։