Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, հիվանդանոցներից դուրս է գրվել ընդհանուր վարակվածների արդեն 77,7 տոկոսը, կորոնավիրուսից մահացությունը ներկայում 3,9 տոկոս է, վկայում են ՉԺՀ առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տվյալները, ՌԻԱ Նովոստին:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 80 793-ի, որոնցից 62 793-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից. դա վարակակիրների ընդհանուր թվի 77,7 տոկոսն է:
Համաճարակի բռնկման պահից ի վեր ամբողջ Չինաստանում, բացառությամբ՝ Հուբեյ նահանգի, գրանցվել է վարակման 13 012 դեպք, որոնցից 113-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,86 տոկոս: Համաճարակի օջախ Հուբեյ նահանգում հայտնաբերվել է վարակման 67 781 դեպք, 3056 մարդ մահացել է, մահացությունը կազմել է 4,5 տոկոս: Ընդ որում, համաճարակի օջախում մահացությունը կազմել է 4,86 տոկոս:
Ընդհանուր առմամբ համաճարակը խլել է արդեն 3169 մարդու կյանք, մահացությունը երկրում միջին հաշվով կազմել է 3,9%:
Վերջին շրջանում Չինաստանի համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում գրանցվել է վարակման ընդամենը 15 նոր դեպք, որոնցից 6-ը ներս են թափանցել այլ երկրներից, ևս 8 դեպք գրանցվել է Հուբեյ նահանգում:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակ է հայտարարել. Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ: