ԱՄՆ 75 օրենսդիրներ նամակ են հղել Արտասահմանյան գործառնությունների և հարակից ծրագրերի պատվիրակությունների ենթահանձնաժողովին ՝ խնդրելով աջակցել Հայաստանին և Արցախին (Լեռնային Ղարաբաղ) 2021 ֆինանսական տարում։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:
Նամակը, որը գլխավորում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ Ջեքի Սփիրի ու Ադամ Շիֆի հետ միասին, կարևորում է Արցախում ականազերծման աշխատանքները և դրանում HALO Trust-ի կատարած կարևոր աշխատանքը և 1,5 միլիոն դոլար խնդրում՝ «ականազերծման և ականազերծման ռիսկերի կրթության համար»:
Բացի այդ, նամակով Հայաստանի համար 100 միլիոն դոլարի խնդրանք է ներկայացվել, որը պետք է ուղղվի երկրի տնտեսությունը, կառավարման համակարգը, օրենքի գերակայության և անվտանգության ապահովմանը։
Ի պատասխան Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտման և Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի՝ օրենսդիրները նաև առաջարկել են կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին:
«Անցյալ տարվանից ստորագրյած օրենսդիների թվի կրկնակի աճը ցույց է տալիս, որ մեծանում է Կոնգրեսի կողմից Հայաստանի ժողովրդավարացմանն աջակցությունը»,-ասում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։