Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի գործադրումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվայում հետևում են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին, փոխանցում է News.am-ը:
«Ցավոք, հայ-ադրբեջանական սահմանին դիտարկվել է հրադադարի ռեժիմի խախտում, որի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ։ Կուզեի ցավակցություններ հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Մենք կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի գործադրումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է քաղաքական միջոցներով կարգավորման ձեռքբերմանը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին, մոտ 15։30, հարավ-արևմուտքում տեղակայված զինվորական մասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, շարքային, 1984թ․ ծնված Զոհրաբ Սիանոսյանը։