ՌԴ բոլոր 85 տարածաշրջանային խորհրդարանները կողմ են արտահայտվել Ռուսաստանում Սահմանադրությունը փոփոխելու մասին օրենքին: Եթե շաբաթ օրը Դաշնային խորհրդի լիագումար նիստում ռեգիոնների որոշումը հաստատվի, ապա փաստաթուղթը կստորագրվի նախագահի կողմից, որից հետո էլ այն կհրապարակվի:
Հիմնական օրենքում կատարվող փոփոխությունները վերաբերում են պետության ղեկավարին, կառավարության անդամներին և տարբեր մակարդակների պետական պաշտոնյաներին ներկայացվող նոր պահանջներին, փոխվում է խորհրդարանի իրավասությունների շրջանակը, արգելվում է դաշնային տարածքների օտարումը: Բացի այդ, փոփոխությունները թույլ են տալիս գործող նախագահին 2024 թվականին կրկին առաջադրվել այդ պաշտոնում:
Այս բոլոր փոփոխությունները, սակայն, կարող են միայն ուժի մեջ մտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը դրանք ուղարկի Սահմանադրական դատարան, որը յոթ օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի՝ արդյոք օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, թե ոչ:
Եթե փոփոխությունները համահունչ են Սահմանադրությանը, ապա ուժի մեջ է մտնում երկրորդ հոդվածը։ Այն պահանջում է, որ նախագահը համապետական քվեարկության դնի Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու տեքստը:
Հրամանագրով պետության ղեկավարը ձևակերպելու է քվեարկությանը դրված հարցը և նշանակելու է օրը:
Անդրադառնանք առաջարկվող փոփոխություններից կարևորներին:
ՌԴ նախագահի ընտվելու կարգը
Ռուսաստանի հաջորդ նախագահը չի կարողանա երկու անգամից ավելի առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: Ներկայիս Սահմանադրության մեջ նշված «անընդմեջ» բառով Վլադիմիր Պուտինին հնարավորություն էր ընձեռվել ութ տարի վարչապետի պաշտոնում լինելուց հետո 2012-ին կրկին վերադառնալ նախագահի պաշտոնին ևս երկու ժամկետով:
Սահմանադրական փոփոխություններից հետո դա անհնար կլինի: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այս սահմանափակումն ինքնին Պուտինի վրա որևէ ազդեցություն չի ունենալու: Եթե Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ վերջինիս նախագահական ժամկետի չեղարկումը չի հակասում Սահմանադրությանը, ապա գործող նախագահը կկարողանա կրկին ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում:
Նախագահի լիազորությունները
Օրենսդիր և գործադիր մարմիններ
Ռուսաստանի նախագահը սահամանադրական փոփոխություններից հետո կունենա նաև ավելի շատ լիազորություններ, քան վարչապետն ու կառավարությունը: Նախագահը ոչ միայն իրավունք կունենա նախագահելու կառավարության նիստերը, այլև իրականացնելու կառավարության աշխատանքի «ընդհանուր ղեկավարումը»: Վարչապետն, իր հերթին, այլևս չի որոշելու Կառավարության աշխատանքի հիմնական ուղղությունները, այլ միայն «կազմակերպելու է» իր աշխատանքը նախագահի հանձնարարականների հիման վրա:
Պետության ղեկավարը կկարողանա նաև նշանակել (սենատորների հետ խորհրդակցելուց հետո) և աշխատանքից ազատել մի շարք նախարարների, հիմնականում՝ ուժային կենտրոնների, մասնավորապես՝ Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Արդարադատության նախարարության և Ներքին գործերի նախարարությունների ղեկավարներին: Մնացած նախարարներին կնշանակի վարչապետը՝ սենատորների հաստատմամբ:
Կավելանա սենատորների թիվը, որոնց նախագահը իրավասու կլինի նշանակել նաև Դաշնության խորհրդի անդամ: Ավելին, նրանցից յոթը նախագահի որոշմամբ խորհրդի անդամի պաշտոնում կարող են նշանակվել ցմահ:
Դատական համակարգ
Դատավորները նույնպես ավելի կախված կլինեն նախագահից: Մասնավորապես, նախագահը կկարողանա նախաձեռնել Սահմանադրական և Գերագույն դատարանների նախագահներին, նրանց տեղակալներին, դատավորներին աշխատանքից ազատելը: Մինչ այժմ պետության ղեկավարը միայն նրանց նշանակելու իրավունք ուներ, և ՌԴ Դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիան էր վերահսկում նրանց աշխատանքը և խախտումների դեպքում հեռացնում աշխատանքից:
Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորների թիվը կկրճատվի. 19-ի փոխարեն կմնան ընդամենը 11-ը:
Պատգամավորների և սենատորների նախաձեռնությամբ, նախագահի հրաժարականից հետո Սահմանդրությամբ նրան տրվելու են նաև անձեռնմխելիության երաշխիքներ: Բացի այդ, նախագահը, հրաժարականից հետո, ցանկության դեպքում, կարող է դառնալ ցմահ սենատոր:
Միջազգային իրավունքի սահմանափակում Ռուսաստանի Դաշնությունում
Պուտինի նախաձեռնությամբ Սահմանադրության մեջ կհայտնվի մի դրույթ, որը թույլ կտա Ռուսաստանին չիրականացնել միջազգային մարմինների որոշումները:
Այդ դրույթն իրականացնելու համար Սահմանադրական դատարանը, որն այժմ ավելի շատ կախված կլինի նախագահից, պետք է այդ որոշումները ճանաչի որպես Ռուսաստանի Հիմնական օրենքին հակասող: Ներկայումս նման օրենք արդեն իսկ գործում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների հետ կապված: