ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների ամենամյա զեկույցն՝ ըստ երկրների: Ստորև կանդրադառնանք Հայաստանի և Ադրբեջանի զեկույցներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիշատակմանը:
Երկու երկրների զեկույցներում էլ նշվում է. «Անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասն ու Ադրբեջանի շրջապատող յոթ տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդության առարկա լինել՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ համանախագահությամբ»: Ձևակերպումը նույնությամբ կրկնվել է նաև 2018թ. և նախորդող մի քանի տարիների Հայաստանի և Ադրբեջանի զեկույցներում:
2019թ. զեկույցներում նաև նշվում է. «Բռնությունը Շփման գծի երկայնքով շարունակվել է նախորդ տարիների հետ համեմատած ավելի ցածր մակարդակով: Պարբերական կրակոցները մահերի են հանգեցրել՝ առաջին հերթին զինվորականների»: Նախորդ տարվա զեկույցում նշվել է, որ կրակոցները շարունակվել են, սակայն հոկտեմբերի՝ Դուշանբեի պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո մակարդակը նվազել է:
Զեկույցներում նշվում է նաև, որ «2016-ին բռնությունների բռնկումից հետո, հակամարտության կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՄԻԵԴ՝ մեղադրելով միմյանց այդ ընթացքում վայրագություններ կատարելու մեջ: Գործերը ՄԻԵԴ-ում շարունակում են ընթացքի մեջ լինել»: Ձևակերպումը նույնությամբ կրկնվել է նաև 2018թ. զեկույցներում:
«Ըստ ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհայտ կորել է 867 մարդ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված անհետ կորած անձանց դեպքերը և աշխատել է կառավարության հետ `անհետ կորածների համապարփակ ցուցակ կազմելու համար: Ըստ ԿԽՄԿ-ի, հակամարտության հետևանքով մոտ 4500 ադրբեջանցիներ և հայեր մնացել են չհաշվառված»,- ասված է 2019թ. Հայաստանի զեկույցում: Հայաստանի 2018թ. զեկույցում անհետ կորած անձանց մասին հիշատակում չի եղել:
Ադրբեջանի 2019թ. զեկույցում նշվում է. «Գերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը զեկուցել է, որ տարեվերջի դրությամբ որպես ԼՂ հակամարտության հետևանքով անհետ կորած գրանցված է 3889 քաղաքացի: Նրանցից 719-ը քաղաքացիական անձինք են: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված անհետ կորած անձանց դեպքերը և աշխատել է կառավարության հետ`անհետ կորածների համապարփակ ցուցակ կազմելու համար: Ըստ ԿԽՄԿ-ի, հակամարտության հետևանքով մոտ 4500 ադրբեջանցիներ և հայեր մնացել են չհաշվառված»:
Նշվում է, որ Ադրբեջանում գրանցվել է 651 458 ներքին տեղահանված անձ: Նրանց մեծամասնությունը լքել է իրենց տները 1988-ից 1994 ընկած ժամանակահատվածում ԼՂ հակամարտության հետևանքով: Նշվում է, որ «որոշ միջազգային դիտորդների գնահատմամբ պետությունը բավարար չափով չի խթանում ներքին տեղահանված անձանց ինտեգրացիան հասարակությանը»:
Նախորդ տարվա զեկույցում նույնպես ներկայացվել են անհետ կորած և ներքին տեղահանված անձանց տվյալներ՝ թվային որոշակի տարբերություններով:
Այսպիսով, զեկույցում պահպանվել է Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական յոթ տարածնքների վերաբերյալ ձևակերպումը: Նշվել է, որ չնայած նվազած թվով, սակայն շարունակվում են հրադադարի խախտումները:
Ուշագրավ է Հայաստանի զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հիշատակման առաջանալը:
Զեկույցը վկայում է այն մասին, որ Արցախյան հակամարտության հարցում Հայաստանի և Ադրբեջանի պարագայում պետդեպարտամենտի մոտեցումները չեն տարբերվում, ավելին՝ նույնական են ձևակերպումները նաև նախորդ տարիների հետ: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների կառուցողականությունը կամ համոզիչ չէ միջնորդ երկրի համար, կամ պատշաճ աշխատանք չի տարվում դրա շնորհիվ քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: Բնական է ակնկալել, որ թեկուզ անուղղակի, նման զեկույցներում տեղ գտնվող ձևակերպումների միջոցով այդ կառուցողականությունը, ընկալելի լինելու պարագայում, պետք է արդյունք տար, խրախուսվեր: Որևէ հիշատակում չկա նաև Արցախի բանակցային կողմ լինելու վերաբերյալ, Արցախը բնորոշվում է որպես «Հայաստանի աջակցությունը վայելող անջատողականներ»: