Չինաստանը կոչ է անում անհապաղ չեղարկել Իրանի հանդեպ պատժամիջոցները, քանի դեռ վերջինս պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի դեմ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուան:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակներ էր հղել մի շարք երկրների ղեկավարներին, որոնցում ասվում էր, որ ԱՄՆ պատժամիջոցները 200 մլրդ դոլարի վնաս են հասցրել Իրանի տնտեսությանը, և դրանց հետևանքները խանգարում են ողջ աշխարհին հաղթահարել համաճարակը:
«Այժմ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը պայքարում են համաճարակի դեմ, և այդ պայքարը որոշիչ փուլ է թևակոխել: Միակողմանի պատժամիջոցների պահպանումն Իրանի նկատմամբ այս իրավիճակում միայն բարդացնում է իրավիճակը»,- ասել է նա՝ հավելելով, որ դա նաև հակասում է հումանիզմի ոգուն: