Թել Ավիվում Հայաստանի դեսպանության բացումը «հակասում է պաղեստինյան ժողովրդի շահերին». իրանցի պաշտոնյա

20:42     16 մարտի, 2020

Թել Ավիվում Հայաստանի դեսպանության բացումը հակասում է պաղեստինյան ժողովրդի շահերին։ Այս մասին հայտարարել է իրանական խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական Հուսեյն Ամիր Աբդոլահյանը, News.am-ի փոխանցմամբ հաղրդում է Mehr գործակալությունը։

Նա դատապարտել է իր դեսպանությունը Թել Ավիվում բացելու Հայաստանի կառավարության որոշումը և այդ քայլն անվանել է «պաղեստինյան ժողովրդի շահերին հակասող»։ Նա Երևանի այդ որոշումն անվանել է «անսպասելի» և հավելել է․ «Անկասկած, այդ քայլը հակասում է պաղեստինյան ժողովրդի շահերին և բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա»։

Նա հղում է կատարել իսլամական երկրների դիրքորոշումներին և պաղեստինյան ժողովրդի իրավունքների իրականացման անհրաժեշտությանը և վճռականորեն դատապարտել է արաբական ու ոչ արաբական երկրների միջև կապերի նորմալացումը «ռասիստական իսրայելական ռեժիմի հետ»։

Նրա խոսքերով՝ Թեհրանի և Երևանի միջև բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևոր գործոն են հանդիսանում։ «Հույս կա, որ Հայաստանի կառավարությունը կվերանայի իր որոշումը և ճնշման ենթարկված պաղեստինյան ժողովրդին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- ասել է նա։

 


© armedia.am