Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին պատասխանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, սակայն այդ ամենով պատասխանը դեռևս ավարտված չէ: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Իրանի նախագահի խոսքերը հնչել են Իրաքում տեղակայված Թաջի ռազմակայանի հրթիռակոծման ֆոնին, որի հետևանքով մահացել և վիրավորվել է ամերիկացի մի քանի զինծառայող:
Վաշինգտոնում հրթիռակոծման պատասխանատվությունը դրել են իրանամետ շիական խմբավորումների վրա: Իրանը հայտնել է, որ իր նկատմամբ մեղադրանքներն անհիմն են:
«Ամերիկացիները սպանել են մեր փառավոր գեներալին, մենք դա անպատասխան չենք թողել և երբեք չենք թողնի»,- ասել է Իրանի նախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն երբեք չի մոռանա Իրանի կողմից Իրաքում տեղակայված ռազմակայանի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածը, «քանի որ նրանք առաջին անգամ վճռորոշ և արագ հարված ստացան իրենց կատարած բարբարոսական սխալի համար»: