2020 թվականի մարտի 31-ին Արցախում կկայանան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: «Արմեդիա» ՏՎԳ-ն արդեն անդրադարձել է առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ դրանց առանձին դրույթներ ներկայացնելով աղյուսակի տեսքով: Այժմ այդ դրույթների վերլուծության արդյունքում փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս են տեսնում Հայաստան-Արցախ հարաբերությունների զարգացումն առաջադրված քաղաքական ուժերն ու թեկնածուները:
Իրենց նախընտրական ծրագրում Հայաստան-Արցախ հարաբերություններին անդրադարձել են նախագահի պաշտոնի համար առաջադրված 14 թեկնածուներից 13-ը (չկա անդրադարձ միայն ինքնաառաջադրված թեկնածու Դադայան Աշոտի նախընտրական ծրագրում): Իսկ խորհրդարանական ընտրությունների համար առաջադրված 12 քաղաքական ուժերից թեմային անդրադարձ կա 10-ի նախընտրական ծրագրում (բացակայում է «Արցախի հեղափոխական կուսակցության» և «Անկախության սերունդ» կուսակցության նախընտրական ծրագրերում):
Հայաստան-Արցախ հարաբերությունների տեսլականն ու զարգացման հարցում ունեցած մոտեցումներն առաջադրված թեկնածուների ու քաղաքական ուժերի մոտ բավական տարբեր են՝ «կեղծանկախության բեմականացումը» դադարեցնելու և ՀՀ-ին միանալու առաջարկներից (նախագահի թեկնածու Վահան Բադասյան և իրեն ներկայացրած «Միացյալ Հայաստան» կուսակցություն) մինչև «Վերահսկողական գործառույթներով օժտված Համահայկական ազգային պալատ հիմնելու» մասին առաջարկներ (Վիտալի Բալասանյան):
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից 6-ի նախընտրական ծրագրերում Արցախի ապագա կարգավիճակը հստակ ներկայացվում է մայր Հայաստանի կազմում (Բալայան Քրիստին (ինքնաառաջադրված), Բաբայան Դավիթ (Արցախի պահպանողական կուսակցություն), Խանումյան Հայկ («Ազգային վերածնունդ» կուսակցություն), Բադասյան Վահան («Միացյալ Հայաստան» կուսակցություն), Մայիլյան Մասիս («Մայիլյան-Նոր Արցախ» դաշինք), Իսրայելյան Ռուսլան («Անկախության սերունդ» կուսակցություն)): Ի դեպ, թեկնածուներից Վահան Բադասյանի ծրագրում Արցախի անկախ պետություն լինելը ներկայացված է որպես «տասնամյակների կեղծ քարոզչություն»՝ առաջարկելով «Սահմանադրությունը համապատասխանեցնել Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման մասին 1989թ․ դեկտեմբերի 1-ի պատմական որոշմանը և ՀՀ անկախության հռչակագրին»:
Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությունն ընդգծված է նախագահի թեկնածուներից 4-ի նախընտրական ծրագրերում (Բալասանյան Վիտալի («Արդարություն» կուսակցություն), Ամիրյան Սերգեյ (ինքնաառաջադրված), Լալայան Բելա (ինքնաառաջադրված), Իշխանյան Դավիթ (ՀՅ Դաշնակցություն)):
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռակողմ հարթակի ստեղծման առաջարկը տեղ է գտել թեկնածուներից երկուսի՝ Վիտալի Բալասանյանի և Աշոտ Ղուլյանի (Արցախի ժողովրդավարական կուսակցություն) նախընտրական ծրագրերում:
Մայր հայրենիքի և սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում է խոստանում Հարությունյան Արայիկը («Ազատ Հայրենիք-քաղաքացիական միացյալ դաշինք»): Իսկ ինքնաառաջադրված թեկնածու Պողոսյան Մելսիկն առաջարկում է Արցախի Հանրապետության քաղաքականությունը կառուցել «համահունչ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության» վրա:
Գրեթե նույնական է պատկերը և Արցախի խորհդարանական ընտրություններում առաջադրված կուսակցությունների և դաշինքների պարագայում, որոնց նախընտրական ծրագրերը հիմնականում նույնական են իրենց կողմից ներկայացված կամ աջակցվող նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրերի հետ: Փոքր ինչ այլ իրավիճակ է «Միասնական հայրենիք» կուսակցության պարագայում: Վերջինս, չնայած նրան, որ հայտարարել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին աջակցելու մասին, խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, նաև առանձին ծրագրային դրույթներով: Հայաստան-Արցախ հարաբերությունների համատեքստում կուսակցությունը որպես վերջնանպատակ սահմանում է մայր հայրենիքին դե-յուրե միացումը՝ ԱՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների պահպանմամբ:
Նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրած Արցախի կոմունիստական կուսակցությունն էլ, գտնում է, որ «արտաքին քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության միջազգային ճանաչումը, բարեպատեհ ժամանակներում մայր Հայաստանին մաս կազմելու հեռանկարով»:
Այսպիսին է Արցախում սպասվող ընտրություններում առաջադրված թեկնածուների և քաղաքական ուժերի դիրքորոշումը Հայաստան-Արցախ հարաբերությունների վերաբերյալ: Այսպիսով, մարտի 31-ին արցախցին ընտրելու է ոչ միայն նախագահ ու խորհրդարանի կազմ, այլև Հայաստան-Արցախ հարաբերությունների ձևավորման հայեցակարգ ու տեսլական: