Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների պայմաններում բեռնափոխադրումները Հայաստան կիրականացվեն նախկին ծավալներով: Այս մասին վարչապետը հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով տնտեսության վրա կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ազդեցությանը:
Վարչապետի խոսքով՝ նման վստահություն չկա երկու պատճառով: Վրաստանի պարագայում դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս օրերին Վերին Լարսը փակ է եղանակային պայմաններից ելնելով: Ընդ որում, Փոթիով և Բաթումիով բեռնափոխադրումների ծավալների և ժամանակացույցերի հետ խնդիրներ չկան: «Իրանի հետ հաղորդակցությունը մենք ինքներս ենք սահմանափակել՝ սկզբում ուղևորահոսքերի համար, հետո նաև բեռների համար: Բայց պարետատունն արդեն որոշում կայացրեց, Իրանով բեռների հոսքը որոշակիորեն կբացվի», - նշել է Փաշինյանը:
Եթե Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների համար ստեղծված խնդիրներն օբյեկտիվ են, ապա Իրանի պարագայում, ինչպես հետևում է վարչապետի խոսքից, գործ ունենք իշխանության կողմից հերթական չհաշվարկված քայլի հետ:
Նկատենք, որ Վրաստանի հետ սահմանն ուղևորափոխադրումների համար փակելու մասին որոշումը եղել է երկկողմանի: Ինչո՞ւ է Իրանի պարագայում միակողմանի որոշում կայացվել: Կամ ինչո՞ւ ենք այժմ պարծենում այդ որոշման միակողմանիությամբ:
Նման գործելաոճը ոչ միայն չի տեղավորվում հայ-իրանական հարաբերությունների տրամաբանության մեջ, այլև կարող է բացասական ֆոն ստեղծել երկկողմ հարաբերությունների համար՝ հաշվի առնելով Իրանի զգայունությունը նման հարցերի նկատմամբ: