2020թ. մարտի 31-ին նշանակված Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն իրականացրել է Արցախի նախագահի թեկնածուների և ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի հավաքագրում և աղյուսակավորում ըստ երկու գերակայությունների՝ Արցախյան հակամարտության կարգավորում և Հայաստան-Արցախ հարաբերություններ: Աղյուսակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Ստորև կանդրադառնանք, ըստ սոցիալական հարցումների, ֆավորիտ թեկնածուների և քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տեղ գտած Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ մոտեցումներին:
Հիմք են ընդունվել մարտի 19-ին «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից հրապարակված սոցիալական հարցման տվյալները, համաձայն որոնց ֆավորիտների թվում են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը: Ազգային Ժողով մտնելու հնարավորություն ունեն «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը, «Արդարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը:
Բոլոր ֆավորիտ թեկնածուների ու քաղաքական ուժերի ծրագրում կարևորվում է Արցախի ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանքն ու բոլորի մոտ ընդգծվում է Արցախի անկախության միջազգային ճանաչման կարևորությունը: Սա թույլ է տալիս պնդել, որ կարգավիճակի հարցում կա միասնականություն: Տարբերությունները, թերևս, ելևէջների մեջ են, ավելի հստակ՝ առանձին դետալների ընդգծման:
Արայիկ Հարությունյանի ծրագրում որպես նպատակ նշվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը և Արցախի միջազգային սուբյեկտայնության աստիճանի բարձրացումը:
Աշոտ Ղուլյանի ծրագրում նույնպես կարևորվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ու ինտեգրումը միջազգային հարաբերություններին: Ծրագրում նշվում է. «Արտաքին քաղաքականության բնագավառում մենք գերակա ենք համարում Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում ստեղծված անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության միջազգային իրավական ճանաչումը և միջազգային հանրության հետ ինտեգրումը»։
Վիտալի Բալասանյանի ծրագրում անկախության ճանաչումը դիտարկվում է որպես Արցախի ժողովրդի համար անվտանգության երաշխիք: Անուղղակիորեն, կարգավիճակի հարցին առնչվում է նաև ծրագրի հետևյալ դրույթը ՝ «Հայաստանի և ԱՀ միջև ռազմավարական դաշինքի ձևավորման մասին միջպետական պայմանագրի ստորագրում»: Միջպետական պայմանագրի կնքումն անուղղակիորեն նշանակում է Արցախի սուբյեկտայնության բարձրացում Հայաստանի կողմից՝ քայլ դեպի Արցախի անկախության ճանաչում:
Մասիս Մայիլյանի նախընտրական ծրագրում ընդգծվում է «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի անընդունելիությունը և ընդգծվում է, որ կարգավիճակի հարցն ինքնաբավ է և չի կարող սակարկության առարկա լինել: Դրա հետ մեկտեղ, ի տարբերություն նախորդ երկու թեկնածուների, անկախությունը դիտարկվում է որպես Հայաստանի հետ միացման տանող ճանապարհ: Ծրագրում նշվում է. «Արցախի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումը ամենևին չի հակասում «Միացում»-ի գաղափարին, այլ նպատակ ունի միջազգայնորեն ճանաչելու Արցախի ինքնիշխան իրավունքը՝ տնօրինելու իր ապագան, ինչը ճանապարհ կհարթի դեպի համայն հայության վերջնանպատակի՝ «Միացում»-ի գաղափարի լիակատար իրականացում»:
Մասիս Մայիլյանին որպես նախագահի թեկնածու աջակցող երկու քաղաքական ուժերի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության և «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրերում նույնպես հիմնական շեշտը դրվում է Արցախի անկախության ճանաչման վրա՝ Հայաստանին միանալու հեռանկարով:
«Միասնական հայրենիք» կուսակցության ծրագրում նշվում է, որ «ուժը հետամուտ է`ԱՀ երաշխավորված և անվտանգ միջազգային ճանաչմանը՝ վերջնական նպատակ ունենալով մայր հայրենիքին դեյուրե միավորումը՝ ԱՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների պահպանմամբ»:
«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի ծրագրում ասվում է, որ կարգավորման շուրջ դաշինքի դիրքորոշումը խարսխված է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական ծրագրի համապատասխան դրույթներին: Նշվում է, որ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ինքնին պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի հայտարարված իրավունքների իրացման փաստի ճանաչման վրա»:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում ֆավորիտ նախագահի թեկնածուները և խորհրդարանում մանդատ ստանալու հնարավորություն ունեցող քաղաքական ուժերը միակարծիք են այն հարցում, որ Արցախի անկախությունը պետք է միջազգային ճանաչում ստանա, և այլընտրանք կարգավիճակի հարցի լուծմանը չեն տեսնում: