«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները և նախագահները հայտարարություն են տարածել։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների և աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին:
«Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք և հույս պարգևելն է նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի որևէ անկյունում: Այդ գաղափարն ավելի քան պատեհ է հատկապես 2020 թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ը պանդեմիա համարելուց հետո: Եվ այսօր ավելի, քան երբևէ մենք հաստատակամ ենք օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր այլապես կարող էին անտեսված լինել կամ ամբողջովին լքված:
Այս պանդեմիան փոխել է համաշխարհային օրակարգը: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու և վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել և COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարևոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները:
«Ավրորան» շարունակելու է երկրորդ հնարավորություն ընձեռել նրանց, ովքեր արդեն իսկ բավական փորձությունների միջով են անցել: Միևնույն ժամանակ, «Ավրորան» իր նպաստը կբերի համաճարակի դեմ պայքարին Հայաստանում՝ #AraratChallenge շարժման հանգանակությամբ հիվանդանոցներին տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք:
Իբրև համաշխարհային շարժում՝ մարդկանց անվտանգությունն ու առողջությունը մեզ համար ծայրաստիճան լուրջ հարց է: Այս դժվարին ու անորոշ ժամանակներում մեկ բան պարզ է. յուրաքանչյուր օր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդ է օգնության կարիք ունենալու, և այդ օգնության տրամադրումը մեր պարտականությունն ու պատասխանատվությունն է։
Մարտահրավերը նետված է ամբողջ մարդկությանը, և մենք բոլորիդ կոչ ենք անում միանալ «Ավրորայի»՝ այն հաղթահարելու ջանքերին»:
Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ
Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան, Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ