Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության գլխավոր անկախ համաճարակաբան, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության և ապացուցողական բժշկության ամբիոնի վարիչ Նիկոլայ Բրիկոն կարծում է, որ սեզոնային փոփոխությունը կարող է իր ազդեցությունն ունենալ նոր տիպի կորոնավիրուսի ակտիվության վրա, դրա դինամիկան հնարավոր է նվազի ապրիլ-մայիս ամիսներին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարծում եմ, որ նրա ակտիվությունն ամեն դեպքում կնվազի սեզոնային փոփոխության հետ», - ասել է նա:
Փորձագետը կանխատեսում է, որ կորոնավիրուսի ակտիվությունը հնարավոր է կտրուկ անկում ապրի ապրիլ-մայիս ամիսներին:
Բրիկոն քիչ հավանական է համարում, որ նոր վարակով կարող են վարակվել աշխարհի բնակչության մեծ մասը:
Փորձագետի խոսքով՝ այն միջոցառումները, որոնք անցկացվում են գրեթե բոլոր երկրներում, կանխում են կորոնավիրուսի տարածումը:
Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր անկախ համաճարակաբանը հորդորում է մարդկանց չթերագնահատել նոր կորոնավիրուսային վարակի նշանակությունը, սակայն խուճապի մեջ էլ չընկնել:
«Ամեն դեպքում պետք է լուրջ վերաբերվենք վարակին և անենք ամեն ինչ, որպեսզի կանխենք դրա հետագա տարածումը», - ավելացրել է նա: