Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` շարունակվում է անկումային դրությունը համաշխարհային տնտեսությունում: Պահպանվում է բացասական ֆոնը նավթի համաշխարհային շուկայում` տնտեսության այլ որոլտների վրա իր ածանցյալ հետևանքներով: Դրանց թվում է գունավոր մետաղների գների անկումը:
Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային տնտեսությունից եկող այլ ազդակներ կան (օրինակ` նավթի գնանկում, դոլարի կայունացում, ռուբլու արժեզրկում), որոնց ազդեցությունն ազգային տնտեսությունների վրա, այդ թվում` հայկական, ավելի արագ են, պղնձի գների անկումը կարելի է դիտարկել այս պայմաններում թերևս մեզ ամենաշատն անհնանգստացող իրադարձություններից մեկը:
Պատճառները մի քանիսն են: Նախ, Հայաստանի արտահանման կառուցվածքում պղնձի տեսակարար կշիռն է մեծ. այն առաջին տեղում է արտահանվող ապրանքացանկում: Ամենաթարմ տվյալներով` 2019թ. արտահանման կառուցվածքում պղնձի տեսակարար կշիռը կազմել է 23.5 %: Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում տեսակարար կշռով սիգարետի և սիգարի ապրանքային խումբն է (2019թ.-ին կազմել է ընդհանուր արտահանման 10 %-ը):
Վերոնշյալ փոքրիկ վիճակագրությունը թերևս պարզ ցուցադրում է` ինչ հարվածի ներքո է ՀՀ արտահանումը պղնձի գնի անկման ֆոնին: Իսկ գունավոր մետաղների համաշխարհային շուկայում արձանագրված պատկերը հուսադրող չէ: Մասնավորապես, մարտի 23-ի դրությամբ պղնձի գինը գրանցել է վերջին 11 տարվա նվազագույնը (հազար տոննայի դիմաց 4561 դոլարի շրջակայք):
Այս իմաստով հանքաարդյունաբերության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ: Իհարկե, ինչպես և ցանկացած ոլորտ, այս մեկը ևս օժտված է ինքնակարգավորվելու ունակություններով: Որպես այդպիսին հանքաարդյունաբերական կազմակերպությունները կարող են պղնձի խտանյութի որոշակի ծավալների պահուստավորման շուրջ համաձայնության հասնել, կամ մտնել գների հեջավորման պրոցեսներ (գնային տատանումների ռիսկերից խուսափելու նպատակով պայմանագրերի կնքում): Պետք է ընդգծել, որ գունավոր մետաղների գնանկման նախորդ խոշոր ալիքի` 2015-16 թթ. ընթացքում ոլորտի ներկայացուցիչները նաև այս մեթոդներով կարողացան բալանսներ պահել: Սակայն հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ճգնաժամի այն մասշտաբները, որի հետ գործ ունենք այսօր, իրավիճակն ավելի դժվար է:
Իրականում ոլորտի հնարավոր վնասներն ուղիղ համեմատական են հետագա զարգացումներին: Բայց այս ողջ ընթացքը հանքաարդյունաբերական ընկերությունների կողմից կհանգեցնի որոշակի կոմպենսացնող քաղաքականության, որոնց թվում` ծախսերի կրճատումն է, ինչն իր հերթին ենթադրում է արդյունահանման ծավալների կրճատում, աշխատակազմի կրճատում և այլն:
Ինչպիսին էլ լինեն զարգացումներն ու ընթացքում տրված լուծումները, Հայաստանի պետական բյուջեի`արտահանումներից ստացված եկամուտները կնվազեն:
Այս ֆոնին փոքր-ինչ դժվար է դառնում կիսել քանդված տնտեսության արդյունքում առաջացող շինհրապարակում զրոյական կետից տնտեսություն կառուցելու` Նիկոլ Փաշինյանի լավատեսությունը: Հատկապես, երբ Հայաստանում հարվածի կրողներից է երկրի արտահանման առյուծի բաժինը սպասարկող ոլորտը: