ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով գլոբալ զինադադար պահպանել։
Ուղերձում ասված է․
«Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու` COVID-19 կորոնավիրուսային վարակի առաջ: Վիրուսը վարակում է բոլորին ՝ անկախ էթնիկական կամ խմբակային պատկանելիությունից, անկախ ազգությունից կամ կրոնից: Նա անողոքաբար հարվածում է բոլորին: Մինչդեռ, ամբողջ աշխարհում եռում են զինված հակամարտությունները:
Առավել խոցելի խմբերը` կանայք և երեխաներ, հաշմանդամություն ունեցող, մարգինալացված և տեղահանված մարդիկ, ամենաբարձր գինն են վճարում: Նրանք նաև մյուսներից ավելի ռիսկի են ենթարկվում՝ COVID-19-ի կորոնավիրուսային համավարակի աղետալի զոհ դառնալու:
Եկեք չմոռանանք, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական-սանիտարական սպասարկման համակարգերը փլուզված են: Առողջապահության աշխատակիցները, որոնք արդեն իսկ քիչ էին, հաճախ հարձակման են ենթարկվում: Փախստականները և բռնի տեղահանվածները կրկնակի խոցելի են: Մոլեգնող համավարակը ակնառու ցուցադրում է պատերազմների անմտությունը։ Այդ իսկ պատճառով ես այսօր կոչ եմ անում անհապաղ համատարած հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է եկել դադարեցնել զինված բոլոր հակամարտությունները և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի համար:
Ես դիմում եմ պատերազմող կողմերին․ դադարեցրե՛ք ռազմական գործողությունները, թողե՛ք անվստահությունն ու թշնամությունը, ստիպե՛ք հրանոթներին լռել, դադարեցրե՛ք հրետանակոծությունները, վե՛րջ դրեք օդային հարվածներին: Սա ծայրաստիճան կարևոր է, որպեսզի օգնենք ստեղծել կենսական օգնության առաքման համար միջանցքներ, արժեքավոր հնարավորություններ ստեղծենք դիվանագիտության համար, հույս տանք նրանց, ովքեր առավել խոցելի վիճակում են կորոնավիրուսային վարակի համար:
Եկեք ոգևորություն քաղենք միություններից և երկխոսությունից, որոնք դանդաղ ձևավորվում են պատերազմող կողմերի միջև` COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին համատեղ մոտեցումներ ապահովելու համար: Սակայն մեզ շատ ավելին է պետք»։