ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտարեշը կոչ է արել գլոբալ հրադադար հաստատել՝ միավորվելով նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Հայտարարությանն արդեն իսկ նախորդել է ռազմական գործողությունները դադարեցնելու նախաձեռնությունը Լիբիայում՝Լիբիական ազգային բանակի կողմից:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը շտապեց թվիթերում ողջունել Անտոնիո Գուտարեշի կոչը՝ աջակցություն հայտնելով գլոբալ հրադադարի հաստատման գաղափարին: Մինչ դեռ Ադրբեջանը փորձում է Արցախում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ անկայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Նախօրեին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե իբր հայկական կողմը սադրանքի է դիմել Գերանբոյի ուղղությամբ և չեզոք գոտում թողել մեկ դի: Արցախի ՊԲ-ն հերքեց այս լուրը՝ կոչ անելով ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման: Ավելին՝ ՊԲ-ն հայտարարեց, որ. «արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն»:
Առկա իրավիճակը վերահաստատում է, որ Ադրբեջանին չեն հուզում գլոբալ խաղաղության ուղերձներն ու հումանիտար հարցերը, և հարկ եղած պահին, այդ թվում՝ Ադրբեջանում համաճարակի հետ կապված իրական պատկերից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, պաշտոնական Բաքուն կարող է չխորշել սադրանքի դիմելուց:
Ուստի, անկախ Արցախում ընտրական գործընթացներից և կորոնավիրուսի դեմ պայքարում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ռեսուրսների մոբիլիզացիայից՝ պետք է չկորցնել զգոնությունը և պատրաստ լինել ցանկացած զարգացման: Պատրաստ լինել գործնականում և ոչ թե խոսքերով, չանտեսել մարտահրավերի լրջությունը, ինչպես դա եղավ կորոնավիրուսի դեմ պայքարում: Սա այն դեպքն է, երբ մեր պատրաստվածությունը պետք է տհաճ անակնկալ լինի Ադրբեջանի համար՝ ցանկացած հնարավոր արկածախնդրության դեպքում և պատասխան քայլերը չլինեն ուշացած: