Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսն այլևս չի ասոցացնի Չինաստանի հետ, ինչպես որ նախկինում էր արել՝ այն «չինական վարակ» անվանելով, փոխանցում է CNN-ը:
«Տեսեք, բոլորն էլ գիտեն, որ դա Չինաստանից է եկել, բայց ես որոշում եմ կայացրել, որ մենք այդ ամենից այլևս մեծ հարց չենք սարքելու: Կարծում եմ՝ մարդիկ ամեն ինչ հասկանում են»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ չի ափսոսում վարակի վերաբերյալ իր օգտագործած արտահայտությունների համար: Նա ընդգծել է, որ «չինական վարակ» արտահայտությունը սկսել է կիրառել այն ժամանակ, երբ չինական լրատվամիջոցները սկսել են ամերիկացի զինծառայողներին մեղադրել վարակի տարածման համար:
Նշենք, որ անցած շաբաթ անդրադառնալով «չինական վարակ» արտահայտության՝ ռասիստական լինելու վերաբերյալ մեղադրանքներին, ԱՄՆ նախագահն ասել էր, որ դա այդպես չէ:
«Ոչ, այն ռասիստական չէ: Ուզում եմ ճշտում մտցնել. այն եկել է Չինաստանից»,- ասել էր Թրամփը: