Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան` բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները քննարկելու և կարգավորելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին:
«Այս պահի դրությամբ բեռնափոխադրումների հետ կապված ունենք խնդիր և Լարսում, և Բագրատաշենում: Բագրատաշենի անցակետում խնդիրը հիմնականում կապված է Մարնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Եվ նույն թողունակության խնդիրն ունենք նաև Լարսի անցակետում: Այնուամենայնիվ, այսօր նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքն ապահովել»,-ասաց Ավինյանը: