Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. Արցախի ՊԲ

21:14     25 մարտի, 2020

Արցախի Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:

Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսևորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասված է ՊՆ հայտարարությունում:

 


© armedia.am