Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի։ Մեկնումից առաջ դիտորդները կթեստավորվեն։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք, թե արդյոք դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել դիտորդներին: Նաև մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք, որ նրանք վարակված չեն:
Փառք Աստծո, Արցախում մինչև հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»,-ասաց վարչապետը:
Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ և սպասվում է դիտորդների ներկայություն Հայաստանից: