Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ վարձակալության իրավունքով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», Instagram-ի իր էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով, թե ինչպես է անցկացնում «տնային մեկուսացման» օրերը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
«Աշխարհի համար դժվարին այս օրերին ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ տանն անհատական մարզվելուց և ընտանիքիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուց բացի, ես նոր նախասիրություն եմ ձեռք բերել՝ ֆիլմեր և սերիալներ դիտել»,- ասել է հայազգի ֆուտբոլիստն ու դիմելով հետևորդներին՝ նշել, որ ուրախ կլիներ, եթե իրեն լավ ֆիլմեր ու սերիալներ խորհուրդ տային։
«Մնացեք տանը, եղեք ապահով և պահպանեք մարզավիճակը»,- այս ուղերձով է Մխիթարյանը եզրափակել է իր կարճ տեսանյութը։
Ավելի ուշ Մխիթարյանը տեսանյութում հնչեցրած հորդորը ներկայացրել է նաև գրառման տեսքով, որում ավելացրել է․«Նաև աղոթում եմ նրանց համար, ովքեր տառապում են դժվարին այս ժամանակներում։ Իմ մտքերը նաև այն բուժաշխատողների հետ են, որոնք պայքարում են կյանքեր փրկելու համար»։