Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է մի տեսանյութ, որը նրան հետևող թուրքերից շատերի սրտով չի եղել, հայտնում է Ermenihaber-ը:
Ինստագրամում 163 մլն հետևորդ ունեցող աստղը, ով կարանտինի օրերին շատերի նման ինքնամեկուսացվել է տանը, արևելյան հայտնի ուտեստ՝ լահմաջո է պատվիրել։
Տեսանյութում Քարդաշյանը հարցրել է, թե արդյո՞ք գիտեն ինչ է լահմաջոն և ասել է, որ այն «հայկական պիցցա» է։
Թուրքիայում նույպես շատ տարածված լահմաջոյի մասին տեսանյութը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել Քարդաշյանի լուսանկարների տակ։ Քարդաշյանի տեսանյութին արձագանքել են նաև Թուրքիայում հայտնի երգչուհիներ Դեմեթ Աքալընը և էբրու Փոլաթը։
Աքալընը Քարդաշյանի հրապարակած լուսանկարի տակ անգլերեն գրել է․ «Լահմաջոն թուրքական է», իսկ Փոլաթը թուրքերեն է գրառումն արել․ «Լահմաջոն հայկական պիցցա չէ, հարգելիս»։
Նշենք, որ լահմաջոն հաճախ անվանում են հայկական և արաբական պիցցա։ Այն լայն տարածում ունի նաև Թուրքիայում։