Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այսօր կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Այս մասին այսօր` մարտի 27-ին հայտարարություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։
Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։
Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»։