ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է ՀՀ կառավարության արագ արձագանքն արտակարգ դրության հետ կապված իր մտահոգություններին: Այս մասին հայտնում է News.am-ը: «Ես ողջունում եմ ՀՀ իշխանություններից ստացված բացատրական հուշագիրը ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ` մամուլի ներկայացուցչի կողմից մարտի 24-ի մամուլի հաղորդագրությանն ի պատասխան: Մասնավորապես, ես կցանկանայի նշել, որ կառավարությունը որոշում է կայացրել փոփոխել արտակարգ դրության մասին որոշումը, որը վերաբերում է լրատվամիջոցների գործունեության կանոններին` ինձ, լրատվամիջոցների պաշտպանության ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպություններին և Հայաստանում խմբագիրներին մտահոգող հարցերը լուծելու համար, ինչպես նաև` ի պատասխան խոսքի ազատության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը, որն արտացոլված է մարտի 19-ի մեր համատեղ հայտարարության մեջ»,- հայտարարել է Դեզիրը: Նրա խոսքով` բացատրական հուշագրում նշվում է, որ կառավարության որոշումը կարգավորում է միայն բժշկական և համաճարակաբանական բնույթի տեղեկատվության հրապարակումը` դրանով իսկ երաշխավորելով լրատվամիջոցների իրական ազատությունն այս նեղ թեմայից դուրս: Դեզիրը շեշտել է, որ նա կիսում է ՀՀ կառավարության մտավախությունը կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարում, բայց, միևնույն ժամանակ, հիշեցրել է «տեղեկատվության ազատ հոսքի ապահովման կարևորությունը, որն առանցքային բաղադրիչ է հասարակությանը վիրուսի զսպման համար անհրաժեշտ կենսական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, ինչպես նաև` լրատվամիջոցների` պանդեմիայի և պետական քաղաքականության մասին տեղեկացնելու իրավունքը հարգելու համար»: «Մենք կշարունակենք համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ արտակարգ դրության ընթացքում և դրանից հետո` ֆեյքային նորությունների և ապատեղեկատվության դեմ պայքարի փորձ և ռազմավարություն մշակելով»,- ասել է նա: