ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կապված հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին՝ մարտի 30-ին, տեղի ունեցած միջադեպի հետ, որի հետևանքով վիրվորվել է այդ թվում նաև 14-ամյա երեխա, հայկական կողմերի համար խնդրահարույց ձևակերպում ունի: ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը»:
ԱԳՆ հայտարարությունից հետևում է, որ Ադրբեջանի կողմից նախկինում հրադադարի խախտումները եղել են նաև մեր կողմից հրահրված: Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային հանրությանը նման ուղերձ հղելով, անհասկանալի է: Ակնհայտ է, որ այս ձևակերպումը չի կարող բխել հայկական երկու պետությունների շահերից: Այն առաջացնում է մեզ ուղղված տհաճ հարցերի շարք՝ ընդ որում ոչ միայն միջազգային, այլ նաև սեփական հանրության կողմից՝ օրինակ ինչո՞ւ է Հայաստանը լարվածություն հրահրում Ադրբեջանի հետ սահմանին, կոնկերտ սահմանային լարվածության ո՞ր դեպքերի պատասխանատվություն է ստանձնում:
Թվում էր, թե ԱԳՆ-ն արդեն վաղուց պետք է բավականին ուշադիր լիներ իր կողմից օգտագործվող բառակազմի նկատմամբ, հաշվի առնելով, որ նախկինում արդեն քանիցս ստիպված է եղել սրբագրելու սեփական հայտարարությունները, սակայն, ինչպես տեսնում ենք, երկրի համար հավելյալ մարտահրավերներ առաջացնող այդ ձեռագրից որևէ կերպ չի ուզում կամ ուղղակի, չունենալով բավարար կոմպետենտություն, ի վիճակի չէ հրաժարվել:
Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, պետք է նկատել, որ այն միանգամայն սպասելի էր՝ պայմանավորված միանգամից մի քանի հանգամանքով. այսօր Արցախում տեղի են ունենում համապետական ընտրություններ, ԵԱՀԿ-ն դադարեցրել է մշտադիտարկումը և ամբողջ աշխարհի՝ այդ թվում նաև Հայաստանի ուշադրությունն այսօր կենտրոնացած է այլ օրակարգի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա:
Թեև Հայաստանում իշխանությունը փորձում է հասարակությանը խաղաղության նախապատրաստել, սակայն ադրբեջանական կողմի հայտարարությունները և գործողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք այդ հարցում շտապում ենք: