Դա չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ո՛չ Արցախի քաղաքացիներին ու, ավելի քան համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիներին ևս, ընդհանրապես՝ հայ ժողովրդին, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ տեսնում է, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները դատական գործընթացներով են անցնում, փոխանցում է Aysor.am-ը։
«Մենք խոսում ենք առաջնորդների մասին, ովքեր ժամանակին ղեկավարել են ազգային-ազատագրական պայքարը և սկզբնական շրջանում նաև կազմակերպել են այդ զինված դիմադրությունը: Հետագայում իրենք իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, իրենք մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրության ապհովմանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ, այսպես ասած, ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ», - ասաց Բակո Սահակյանը։
«Եթե նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զգաստությունը և զսպվածությունը, և մեր խոսքը կառուցելիս, մեր մեկնաբանությունները տալիս մենք իրավական գնահատականներ չենք տվել, լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ իմ կողմից և մեր կողմից նախաձեռնված: Միայն նպատակ էին հետապնդում, իմ կողմից նշված իրողությունները հաշվի առնելով, ընդգծել, որ խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել»։
«Եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ բնականաբար»։