ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հենց ամենասկզբից իմացել է, որ հազարավոր ամերիկացիներ կարող են մահանալ, սակայն շարունակել է վարակի սպառնալիքին չափից շատ կարևորություն չտալ, որպեսզի երկրի համար պահպանի լավատեսությունն ու մարդկանց ուրախ պահի: Այս մասին հայտնում է Business Insider կայքը:
Երեքշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Թրամփին հարց են տվել, թե արդյոք նա ամերիկացիներին կեղծ ապահովության զգացում է ներշնչել՝ ասելով, որ վարակը շուտով կանհետանա, չնայած պարզ էր, որ վարակման դեպքերի քանակը և մահվան թիվը պետք է աճեին։
«Ես ամեն ինչ գիտեի։ Գիտեի, որ կարող է՝ սարսափելի բան ստացվել, գիտեի, որ զարգացման դրական սցենար էլ կարող էր լինել: Չեմ ցանկանում բացասական մարդ լինել: Իրապես շատ հեշտ է բացասական տրամադրված լինել այս ամենի վերաբերյալ։ Սակայն ցանկանում եմ մարդկանց նաև հույս տալ: Մենք մեր երկրի համար ամենադժվար ժամանակաշրջանն ենք ապրում»,- հավելել է նա։
Այս հայտարարությունն արվել է, երբ Սպիտակ տան կորոնավիրուսի գծով օպերատիվ խումբը զգուշացրել է, որ համավարակի հետևանքով երկրում կարող է 100 000-ից մինչև 240 000 մարդ մահանալ։