ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ամենամյա նստաշրջանը, որը նախատեսվում էր անցկացնել հուլիսի 3-ից 7-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում, չեղյալ է հայտարարվել` նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Համապատասխան մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«2020 թվականի ապրիլի 1-ին ԵԱՀԿ ԽՎ անդամներին ուղարկված համատեղ հաղորդագրության մեջ գագաթնաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին և կանադական պատվիրակության ղեկավար Հեդի Ֆրայը հայտարարել են, որ 29-րդ ամենամյա նստաշրջանը չեղյալ է հայտարարվել COVID-19 [նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդություն] համաճարակի պատճառով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
29-րդ նստաշրջանի թեման հայտարարվել էր որպես «Վանկուվերից Վլադիվոստոկ տարաձայնությունների հաղթահարումը և մարդու անվտանգության կառուցումը»: Կազմակերպիչների խոսքով` կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակից բացի, իրենց որոշման վրա ազդել են «ուղևորությունների և խոշոր միջոցառումների անցկացման սահմանափակումներն ու անորոշությունն առաջիկա ամիսներին»: